Վերջերս գործնական այցով Հայաստան էր եկել Ֆրանսիայի Լորանի համալսարանի պրոֆեսոր Պետրոս Ջուլհակյանը:
Մի քանի նախադասությամբ ներկայացնելով պրոֆեսորին` ասենք, որ նա ծնվել է Լիբանանում, դպրոցն ավարտելուց հետո գնացել է Ֆրանսիա, սկզբնական շրջանում աշխատանքն ու ուսումը համալսարանում համատեղելով` տարիների նպատակասլաց ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ այժմ տեսական ֆիզիկայի բնագավառում գիտական լուրջ արդյունքների է հասել:
Ինչ խոսք, արտասահմանում ապրող մեր հայրենակիցներից շատերն են գիտության մեջ լուրջ ձեռքբերումներ ունենում, բայց քչերն են, որ համագործակցության եզրեր են փնտրում ու գտնում հայաստանյան գիտնականների հետ` հազար ու մի ձևով օգնության ձեռք մեկնելու մեծ ցանկությամբ: Տարիներ առաջ Ֆրանսիայի Մեցի համալսարանի մոլեկուլային բախումների ֆիզիկայի լաբորատորիայի աշխատակից պրոֆեսոր Պետրոս Ջուլհակյանը նախաձեռնեց գիտական համագործակցություն ՀՀ ԳԱԱ ճարտարագիտական կենտրոնի (ներկայում` ՀՀ ԳԱԱ ՄՄ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կազմում) տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանի հետ: Համագործակցությունն արդյունավետ էր, մի շարք համատեղ գիտական դրամաշնորհներ ստացվեցին և հաջողությամբ իրականացվեցին, կատարվեցին զգալի թվով համատեղ աշխատանքներ, որոնք տպագրվեցին ֆիզիկայի ոլորտի առաջատար միջազգային ամսագրերում:
2005 թվականին պրոֆեսոր Ջուլհակյանն առաջին անգամ այցելեց Հայաստան` մասնակցելու ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Լազերային ֆիզիկա» գիտաժողովի աշխատանքներին: Այցի ընթացքում նա և իր ֆրանսիացի գործընկեր պրոֆեսոր Ժոսլան Հանսենը մի շարք հանդիպումներ ունեցան հայաստանյան կոլեգաների ու պետական պաշտոնյաների հետ: Մասնավորապես, հանդիպումներ ու ակտիվ քննարկումներ եղան ակադեմիայի նախագահի ու նախագահության անդամների, կրթության և գիտության նախարարի ու փոխնախարարների, ԵՊՀ-ի ռեկտորի, Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանության` գիտատեխնիկական համագործակցության գծով կցորդի հետ: Արդյունքում ձեռք բերվեցին տարատեսակ պայմանավորվածություններ ու կնքվեցին մի քանի համաձայնագրեր: Դրանցից, թերևս, կարելի է առանձնացնել համատեղ ղեկավարությամբ ասպիրանտների պատրաստման մեխանիզմով երիտասարդ գիտական կադրերի պատրաստման եռակողմ համաձայնագիրը, որը կնքվեց ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԿԳՆ-ի ու Մեցի համալսարանի միջև: Համագործակցության այս ձևը հետագայում թափ առավ, ընդլայնվեց և սկսեց լայնորեն կիրառվել: Այսօր այս եղանակով արդեն բազմաթիվ բարձրակարգ կադրեր են պատրաստվել, և ներկա դրությամբ կան նոր ասպիրանտներ:
Պետրոս Ջուլհակյանի երկրորդ այցելությունը Հայաստան տեղի ունեցավ այս հոկտեմբերին: Կրկին մասնակցություն «Լազերային ֆիզիկա» ամենամյա գիտաժողովի աշխատանքներին և հայ-ֆրանսիական համատեղ ղեկավարությամբ ևս մեկ ասպիրանտի` Հրայր Ազիզբեկյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանություն: Բացի այդ, պրոֆեսոր Ջուլհակյանը պետական մանկավարժական համալսարանում հանդես եկավ սեմինարով: Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Էդվարդ Կոկանյանի բնորոշմամբ` «Պետրոս Ջուլհակյանի ներկայացրած թեման նորույթ է մեզ համար. Հայաստանում այդ ուղղությամբ դեռևս աշխատանքներ չեն տարվում, սակայն վստահեցնում եմ, որ նրա ուսումնասիրությունները հետագայում կունենան գիտական լայն կիրառություն պլազմային ֆիզիկայի, աստղաֆիզիկայի և կենսաֆիզիկայի բնագավառներում»: Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Ֆրանսիայի Լորանի համալսարանների միջև նախատեսված է կնքել համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կիրականացվեն դասախոսների, ուսանողների, ուսումնական ծրագրերի փոխանակում, ինչպես նաև համատեղ գիտական աշխատանքներ: Պետրոս Ջուլհակյանն ընդունել է «Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի» առաջարկը` մեկ ամիս դասախոսություններով հանդես գալ մանկավարժական համալսարանում:
Բացի բուն գիտական արդյունքների ներկայացումից, սեմինարն առիթ հանդիսացավ համադրելու գիտության ու կրթության կազմակերպման մոտեցումները Հայաստանում և Ֆրանսիայում: Նա ներկայացրեց Լորանի համալսարանում մանկավարժների պատրաստման համակարգը, ինչը, ի դեպ, խիստ տարբերվում է հայկականից, ապա անդրադարձավ գիտահետազոտական լաբորատորիաների գործունեության առանձնահատկություններին, գիտական աշխատանքների կազմակերպման և գիտության ֆինանսավորման ձեռքբերման ընթացքին: Տարբերություններն այստեղ հսկայական են:
Հայաստանում գիտության հանդեպ իշխանությունների, մեղմ ասած, ոչ այնքան սրտացավ վերաբերմունքն ու որպես դրա ապացույց` ֆինանսավորման անհավանական չնչինության չափը զարմացրել ու դառնացրել էին պրոֆեսորին: ՈՒշագրավ է այն, որ նա, լինելով չափազանց զուսպ` նման թեմաների շուրջ տեսակետ բարձրաձայնելու մեջ, այնուամենայնիվ, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության էջում թողել է հետևյալ խոսուն մեկնաբանությունը.
«Թերեւս շատեր անպատշաճ և յաւակնոտ նկատեն իմ այս մասնակցութիւնը իբր սփիւռքահայ բնագիտութեան գիտաշխատող եւ դասախօս, այս օրերուն Հայաստանի մէջ տեղի ունեցող շարժումին, որ ահազանգ կը հնչեցնէ Հայաստանի պետական կեցուածքին դէմ, որ երկրորդական հարց կը նկատէ գիտութիւններու պահպանումն ու զարգացումը, եւ կոյր է Հայաստանի գիտութեան սպառնացող վտանգին հանդէպ:
Անշուշտ, իմ գիտական մասնագիտութեան սահմաններէն դուրս են երկրի մը գիտական ծրագիրը եւ գիտական քաղաքականութեան հարցը: Ես մակերեսային չափով ծանօթ եմ Հայաստանի իրավիճակին, սակայն ինչ որ կը լսեմ եւ կը տեսնեմ իմ յարաբերութիւններու ընթացքին Հայաստանի գիտաշխատողներուն հետ, զիս կը մղեն արտայայտուելու այս էջերուն վրան: Ես կը կարծեմ, որ իմ պարտականութիւնն է չլռել եւ իմ աղի հատիկը աւելցնել այս շարժումին:
Ինչպէ՞ս կարելի է լռել` տեսնելով իմ հայաստանցի գիտական գործակիցներու հերոսական (այո, հերոսական) ջանքերը ողջ պահելու համար Հայաստանի գիտական մակարդակը:
Ինչպէ՞ս կարելի է լռել` տեսնելով, որ ոչ մէկ կարելիութիւն կը տրուի երիտասարդ post-doc-ներուն վերադարձին:
Ինչպէ՞ս կարելի է լռել, երբ գիտաշխատողները կը վերածուին անգործներու:
Ամէն աշխատանք արժանի է վարձատրանքի: Ինչո՞ւ ուրեմն Հայաստանի գիտաշխատողները չունենան պատշաճ եկամուտ, որ իրենց զերծ պահէ նիւթական մտահոգութիւններէն, որպէսզի կարենան նուիրուիլ ամբողջովին իրենց աշխատանքին:
Ես պիտի չթուեմ բոլոր դժուարութիւնները եւ Հայաստանի հարցերը այս առնչութեամբ: Այդ մասին կը գրեն ինձմէ աւելի տեղեակ աշխատակիցներ, որոնք կառաջարկեն նաև լուծումներ: Ես կը հաւատամ, որ միջոցները կան Հայաստանի մէջ դժուարութիւնները յաղթահարելու: Կը պակսի քաղաքական կամեցողութիւնը: Պէտք է ուրեմն սթափեցնել պատասխանատուներուն կամեցողութիւնը»:
Արդյո՞ք երկրի ղեկավարությունն ու ոլորտի պատասխանատուներն ունեն կամեցողություն` լսելու հարգարժան պրոֆեսորի և հայկական գիտական հանրության ձայնը, ունե՞ն ունակություն` կատարելու համապատասխան հետևություններ, և արդյո՞ք ունեն ցանկություն` երկիրն ինտելեկտուալ աղետի չհասցնելու, այլ գործելու, շտկելու վիճակն ու ապահովելու երկրի զարգացումը` հենվելով գիտության արդյունքների վրա, զարգացնելով երկրի ինտելեկտուալ պոտենցիալը, ու գիտատար ու գիտելիքահենք տնտեսություն ստեղծելով:
Մանե ՀԱԿՈԲՅԱՆ